Կայքի տեքստը հաճախ թողնում են վերջին պահին՝ «կավելացնենք, երբ դիզայնը պատրաստ լինի»։ Արդյունքում էջերը լցվում են ընդհանուր արտահայտություններով՝ «մենք առաջատար ընկերություն ենք» և «որակյալ ծառայություններ»։ Այցելուն դրանցից ոչինչ չի իմանում։
Սկսեք հաճախորդի հարցերից
Այցելուն կայք է գալիս մի քանի հարցով․ ինչ եք անում, ինձ համար է արդյոք, որքան է արժե, ինչու պետք է վստահեմ ձեզ, ինչպես կապվեմ։ Տեքստի գործը այդ հարցերին պատասխանելն է, ոչ թե ընկերությանը գովելը։
Ինչ գրել հիմնական էջերում
- Գլխավոր էջ։ Առաջին էկրանին պետք է պարզ լինի, թե ինչ եք անում, ում համար և ինչ անի այցելուն հաջորդը։ Վերնագիրը պետք է լինի կոնկրետ, ոչ թե կարգախոս։
- Ծառայություններ։ Մեկ ծառայություն՝ մեկ էջ։ Նկարագրեք, թե ինչ է ներառված, ինչպես է ընթանում աշխատանքը, որքան ժամանակ է պետք և որտեղից է սկսվում գինը։
- Մեր մասին։ Կոնկրետ փաստեր՝ քանի տարի եք աշխատում, ինչ նախագծեր եք արել, ովքեր են մարդիկ։ Դեմքերն ու անունները ավելացնում են վստահություն։
- Գործեր և կարծիքներ։ Մի սահմանափակվեք նկարներով․ գրեք, ինչ խնդիր կար, ինչ արվեց և ինչ ստացվեց։
- Կոնտակտներ։ Հասցե, հեռախոս, աշխատանքային ժամեր, քարտեզ։ Հեռախոսը պետք է սեղմվի հեռախոսից։
Ինչպես գրել, որ Google-ը գտնի
- Մտածեք, ինչ կգրի որոնման դաշտում ձեր հաճախորդը, և օգտագործեք այդ բառերը այնպես, ինչպես խոսում եք։
- Յուրաքանչյուր էջ՝ մեկ հիմնական թեմա և մեկ H1 վերնագիր։
- Բաժանեք տեքստը ենթավերնագրերով և կարճ պարբերություններով։ Մարդիկ կայքերը ոչ թե կարդում են, այլ սկանավորում են։
- Մի պատճենեք մրցակիցներից և մի օգտագործեք ուրիշի տեքստը․ Google-ը կրկնօրինակը չի գնահատում։
- Մի լցրեք տեքստը բանալի բառերով։ Եթե նախադասությունը անհարմար է կարդալ, այն վատ է։
Մի քանի լեզու
Հայաստանում շատ հաճախորդներ կայք են գալիս ռուսերեն կամ անգլերեն։ Լավ է, երբ յուրաքանչյուր լեզու գրված է այդ լեզվով մտածելով, ոչ թե բառացի թարգմանված։ Այդպես այն և՛ ավելի բնական է հնչում, և՛ ավելի լավ է գտնվում։
Եթե չեք ուզում ինքներդ գրել, մենք կօգնենք կայքի համար տեքստեր պատրաստել երեք լեզվով։